Կենդանական ծագման արտադրանք հումանիտար օգնության տեսքով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքի՝ այս տարվա հունվար–օգոստոս ամիսներին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնությունը գնային առումով գրեթե եռապատկվել է՝ ավելացել 2,9–ն անգամ: Եվ սա այն դեպքում, որ ծավալային տեսանկյունից նվազում է դիտվել: Այսպես, 2016 թ. այս նույն ժամանակահատվածի համար ունեցել ենք 3 հազար 660 տոննա մարդասիրական օգնություն, իսկ այս տարի՝ 1569: Ինչից կարելի է ենթադրել, որ տարեցտարի թեկուզև նվազող քանակի հետ ավելանում է գինն ու որակը:
Միաժամանակ, նշված ամիսներին Հայաստան ուղարկված ապրանքների արժեքը ընդհանուր կազմել է 89 միլիոն 912 հազար 300 ամերիկյան դոլար, այն դեպքում, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար գրանցվել էր 30 միլիոն 749 հազար 500 ԱՄՆ դոլար:
Ուսումնասիրությունից նաև տեղեկանում ենք, որ այս տարի Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ցուցակում ավելացել է կենդանական ծագման արտադրանքը, որի ծավալը կազմել է 0,1 տոննա, իսկ արժեքը՝ 4 հազար 900 ԱՄՆ դոլար:
Ընդհանուր առմամբ, Հայաստան ուղարկված հումանիտար օգնության մեջ գերակշռում են մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմները, որոնք կազմել են 337 տոննա:
Հումանիտար օգնության ցուցակում ամենից թանկ է արժեցել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը՝ ավելի քան 77 հազար ԱՄՆ դոլար, որն ի դեպ կազմել է 142 տոննա:
Բավական մեծ օգնություն ենք ստացել Շվեյցարիայից, որի արժեքը կազմել է 8 միլիոն 492 հազար 100 ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում են Նահանգները, որտեղից ուղարկված մարդասիրական օգնությունը կազմել է 6 միլիոն 753 հազար 700 ԱՄՆ դոլար: Ճապոնիայից ուղարկված օգնությունն էլ կազմել է ընդամենը 57 հազար 100 ԱՄՆ դոլար:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում