Ե՞րբ տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս ամիս։ Այդ մասին հայտարարել են թե՛ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, թե՛ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Չնայած առաջիկա հանդիպման հավանական ժամանակահատված նշվում է, բայց չի հստակեցվում, թե կոնկրետ որ հատվածի սահմանազատման աշխատանքներն են իրականացվելու հաջորդիվ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի սահմանազատվեց ու սահմանագծվեց հայ-ադրեջանական սահմանը՝ Տավուշի հատվածում։
MediaHub-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք հստակեցված է՝ երբ և որտեղ է տեղի ունենալու հերթական հանդիպումը։
«Դեռևս այդ մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա»,- մեզ հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ, տեղի է ունեցել 2024թ. նոյեմբերի 1-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։
Նարե Գնունի