ԱՄՆ Կոնգրեսը հայտարարել է, որ Covid-19-ը, ըստ ամենայնի, առաջացել է չինական լաբորատորիայում
ԱՄՆ Կոնգրեսը հայտարարել է, որ Covid-19-ը, ըստ ամենայնի, առաջացել է չինական Ուհան քաղաքի լաբորատորիայում: Այս մասին ասվում է Ներկայացուցիչների պալատի կորոնավիրուսային համավարակի հարցերով ենթահանձնաժողովի 557 էջանոց զեկույցում, որը կազմվել է 2 տարի տևած հետաքննության արդյունքում: Այս մասին գրում է CNN-ը:
«Կորոնավիրուսը ամենայն հավանականությամբ առաջացել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում», - ասված է փաստաթղթում:
Ենթահանձնաժողովի զեկույցում ասվում է, որ եթե գոյություն ունենային վիրուսի բնական ծագման ապացույցներ, ապա մինչ այժմ դրանք արդեն հայտնված կլինեին:
Նոր զեկույցում ենթահանձնաժողովը նաև մեղադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ պնդելով, որ այն Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքական շահերը վեր է դասել ամբողջ աշխարհի մարդկանց օգնելու իր առաքելությունից և նույնիսկ թույլ է տվել կուսակցությանը վերահսկել վարակի ծագման վերաբերյալ իր հետաքննությունը։