ԶՊՄԿ-ն խրախուսում է ճանաչողական այցերը
Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ուշադրություն է դարձնում նաև կրթության ոլորտին։ Օրեր առաջ կոմբինատում հյուրընկալել են հանքարդյունաբերական ոլորտով հետաքրքրված ուսանողների, դասախոսների և գիտաշխատողների: Հյուսիսային և Եվրոպական համալսարաններից ժամանած հյուրերը հրահանգավորումից հետո շրջել են ընկերության արտադրական տարածքներում` բացահանքում, ծանոթացել են հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում և հարստացուցիչ ֆաբրիկայում ընթացող աշխատանքային գործընթացներին:
Ընկերությունը խրախուսում է ճանաչողական այցերը։ Ընթացիկ տարում ընկերության այցելուների թիվը գերազանցել է 2018-2023թթ. ընթացքում հյուրերի ընդհանուր թիվը: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, հունիսին ԶՊՄԿ տարբեր արտադրամասեր էին այցելել աշխատակիցների երեխաները, ընկերության նախակրթարանի սաները: Խանդավառված հետաքրքրությամբ երեխաներն ուսումնասիրում էին իրենց անծանոթ միջավայրը, մեծերի աշխարհը` փոքրերի աչքերով:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ծրագրերը բազմաթիվ են և բազմաբնույթ։ Ընկերությունը մեծ աջակցություն և հոգածություն է ցուցաբերում կրթական բնագավառին (կրթական հաստատությունների ենթակառուցվածքների բարելավում, ուսման վարձերի փոխհատուցում, լաբորատորիաների հիմնում, բուհերի հետ համագործակցություն, կրթական ֆորմալ-ոչ ֆորմալ ծրագրերի ֆինանսավորում և այլն)։ Միայն անցած տարվա ընթացքում ԶՊՄԿ-ն կրթական ծրագրերի համար հատկացրել է 759 մլն 265 հազար դրամ։ «Այս բազում մարտահրավերների ժամանակաշրջանում մենք պետք է ապավինենք գիտելիքի և կրթության ուժին՝ որպես վերջնանպատակ ունենալով կայացած քաղաքացու և ամուր տնտեսական հիմքերով պետության կայացումը»,- նշել էին ընկերությունից։
Անցած տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ոլորտում ընդհանուր առմամբ ներդրել են ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ։ Միջոցներն ուղղվել են ինչպես Կապան և Քաջարան համայնքներ, այնպես էլ Սյունիքի մարզի կարիքներին և Համահանրապետական այլ ծրագրերի, այդ թվում սուբվենցիոն, սոցիալական աջակցության ծրագրերի, առողջապահական ներդրումների ոլորտներում։ Աջակցություն է ցուցաբերվել բարեգործական հիմնադրամներին՝ իրականացնելու տարբեր խոցելի խմբերի հետ ծրագրեր, հաշմանդամություն, ծերերի խնամք և այլն։ Միայն 2023 թվականին ԶՊՄԿ-ից աջակցություն է ստացել 32 բարեգործական կազմակերպություն:
Հրանտ Հովսեփյան