Քննարկվել է ՀՀ պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև ցուցադրությունների հեռանկարը
Հայաստանի պատմության թանգարանում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆին և նույն թանգարանի ավագ կուրատոր, Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հետ ծրագրերի համակարգող Մանֆրեդ Նավրոթին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է համատեղ միջազգային ցուցադրություններ կազմակերպելու առաջարկություն: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև փոխադարձ ցուցադրությունների անցկացման և հետագա փոխգործակցության հեռանկարները։
Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության սրահներում, ինչպես նաև ծանոթացել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: