ԶՊՄԿ-ն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները և կմասնակցի հետագա աջակցությունների տրամադրմանը
Ուղիղ մեկ տարի առաջ՝ ադրբեջանական հարձակումից հինգ օր անց, տեղահանված արցախցիների առաջին խումբը հասավ Հայաստան՝ հատելով Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետը։ Իհարկե, այդ օրերին ամենածանրաբեռնվածը Սյունիքի մարզն էր, քանի որ այն սահմանակից էր Լաչինի միջանցքին, և մեր հայրենակիցները առաջին մի քանի օրը հանգրվանում և օգնություն էին ստանում հենց Սյունիքում։ Տասնյակ հազարավոր արցախցիներ հետագայում խոստովանում էին, որ միայն հասնելով Սյունիք՝ իսկ ավելի կոնկրետ Կոռնիձորի սահմանակետ, զգալով հայաստանցի հայրենակիցների ջերմությունը, տեսնելով օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունը, հասկացան, որ փրկվել են ցեղասպանությունից։
Ընդհանուր առմամբ՝ Արցախի դեմ Ադրբեջանի 2023թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Հայաստան տեղափոխվեց 101․848 մարդ։
Արցախցիների կարիքները հոգալու գործին պետական և մարզային իշխանությունների հետ մեկտեղ լծվեցին նաև տարբեր ձեռնարկություններ։ Որպես ամենամեծ ձեռնարկություն շոշափելի օգնություն ցուցաբերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Կոմբինատն ամենօրյա ռեժիմով ավելի քան տասը հազար արցախցու ապահովեց սնունդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով։ Այդ օրերին ԶՊՄԿ-ն՝ Հայկական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ, սննդի և հիգիենիկ պարագաների մեկական փաթեթ է տրամադրել 1500 ընտանիքի՝ մոտ 6000 անձի: Կոմբինատն աջակցում էր նաև տեղափոխման հարցերում։
ԶՊՄԿ-ից հայտնել են, որ Սյունիքի մարզի Քաջարանի, Կապանի և Մեղրի համայնքներում վերաբնակեցված արցախցիներին ձեռնարկությունը մինչև օրս մոտ 170 միլիոն դրամի աջակցություն է տրամադրել: Այս ընթացքում նրանց տրամադրվել է նաև կենցաղային տեխնիկա (լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, ջրատաքացուցիչներ), ինչպես նաև կահույք:
Ընկերության կողմից նման մեծ աջակցություն տրամադրելու հիմնական շարժառիթը և նպատակն այն է, որ այդ ընտանիքները մնան և հաստատվեն Սյունիքում։ Չնայած այն հանգամանքին, որ աջակցության ծրագիրն ավարտվել է, կոմբինատը, հաշվի առնելով նրանց կարիքները, ամռանն արտահերթ օգնություն էր տրամադրել Քաջարան խոշորացված համայնքում վերաբնակեցված արցախցիներին։
ԶՊՄԿ-ն այսուհետ ևս շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները և անհրաժեշտության դեպքում մարզային և համայնքային իշխանությունների հետ համատեղ կմասնակցի հետագա աջակցությունների տրամադրմանը։