Ալավերդիից Բագրատաշենի սահման ճանապարհի վերականգնման աշխատանքների ժամկետը երկարաձգվեց 95 օրով
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց 95 օրով երկարաձգել Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ավտոճանապարհի ՊԿ384+50 - ՊԿ481+40 տեղամասի (Օձունի խաչմերուկի /Մ6 և Հ35/ ավտոճանապարհների փոխհատում) վերականգնման և բարելավման աշխատանքների ժամկետը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ պայմանագրի «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն պարտավորվել է իրականացնել այդ հատվածի վերականգնման և բարելավման աշխատանքները, որի կատարման ժամկետ է սահմանված մինչեւ հունիսի 18-ը:
Աշխատանքների իրականացման ընթացքում նախագծում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն է առաջացել: Փոփոխված և լրացուցիչ աշխատանքները իրականացվելու են պայմանագրի ընդհանուր գնի շրջանակներում:
Բացի այդ, հաշվի առնելով նաև այն, որ Լոռու և Տավուշի մարզերում 2024-ի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով պատճառված վնասները վերականգնելու նպատակով պետության կողմից իրականացված միջոցառումներում ներգրավվել են նաև Կապալառուին պատկանող մի շարք ճանապարհաշինական և այլ շինարարական տեխնիկա, իսկ հեղեղումների արդյունքում ցամաքային ճանապարհների դժվար անցանելիության և երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված որոշ հատվածներով երթևեկության սահմանափակումները ազդել են աշխատանքների կատարման ժամկետների վրա: