Կապանում վերաբացվել է «Սյունիք» կինոթատրոնը
Կապան համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տևական ընդմիջումից հետո «Սյունիք» կինոթատրոնը նոր մոտեցմամբ և հստակ քաղաքականությամբ իր դռներն է բացել կապանցի ֆիլմասեր հասարակության առջև, հայտնում է Կապանի համայնքապետարանը։
Այսօր՝ օգոստոսի 29-ին, պաշտոնական արարողությամբ տեղի է ունեցել կինոթատրոնի վերաբացումը, որն այսուհետ իր գործունեությունը շարունակելու է «Կապան» բարեգործական հիմնադրամի կազմում։
Ելույթի իր խոսքում համայնքի ղեկավարը շնորհավորել է բոլորին երկար սպասված իրադարձության կապակցությամբ և հակիրճ ներկայացրել կինոթատրոնի վերաբացման պատմությունը, որտեղ մեծ ներդրում է ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Ժամանակակից տեխնիկայով և դիզայներական լուծումներով հագեցած կինոթատրոնն իր տեսակով միակն է Հայաստանի մարզերում: Այն իր կառուցվածքով և կահավորմամբ համապատասխանում է միջազգային ստանդարտներին. հագեցած է գերմանական արտադրության վերջին սերնդի կինոտեխնիկայով:
Կինոթատրոնը կշարունակի մնալ համայնքի՝ ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկների ժամանցը կազմակերպելու և առօրյան հետաքրքիր դարձնելու սիրելի վայրերից, որտեղ, մի շարք հայտնի ընկերությունների հետ համագործակցության արդյունքում կլինեն պրեմիերաներ, կցուցադրվեն և՛ հայկական, և՛ արտասահմանյան կինոարտադրության ֆիլմեր։