Քաջարանը նշում է հիմնադրման 66-ամյակը
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տոն է։ Հայաստանի արդյունաբերական քաղաքը տոնեց 66-ամյակը․ օրը նշանավորվեց մի շարք միջոցառումներով, որոնց մասնակցում էին նաև Սյունիքի մարզային իշխանությունները, Սյունիքի համայնքների ղեկավարները, ԱԺ սյունեցի պատգամավորներ, ԻԻՀ հյուպատոսը Սյունիքում «ԶՊՄԿ» ղեկավար կազմը՝ գլխավորությամբ տնօրեն Ռոման Խուդոլիի, եւ այլ անձինք:
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը նախ համայնքապետարանում ընդունեց հյուրերին, ապա պաշտոնյաներն այցելեցին արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար կյանքը զոհած քաջարանցի հայորդիների հիշատակին։ Բաբիկավան բնակավայրում առաջին անգամ բացվեց մանկական խաղահրապարակ, Քաջարան համայնքի Բակունց եւ Տերյան փողոցներում՝ ֆուտբոլի դաշտեր։ Այս ամենն իրականություն է դարձել սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համաներդրմամբ եւ «ԶՊՄԿ»-ի ֆինանսավորմամբ։
Օրվան նվիրված հանդիսավոր նիստում քաջարանցիների տոնը շնորհավորեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, Սյունիքի, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։ Քաղաքապետն իր ելույթում նշեց, որ քաջարանցիների համար հույժ կարևոր տոն՝ նշանավորելու արդյունաբերական քաղաքի պատմությունը և նրա բնակիչների անցած փառահեղ աշխատանքային ուղին, հիշելու և հաստատելու՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, խոնարհվելու մեր տոհմիկ նախնիների և հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակի առաջ, ամփոփելու այս տարիների ընթացքում մեր կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները, արժևորելու աշխատավոր մարդու, հանքագործի հանապազօրյա սխրանքն ու վաստակը:
«Քաջարանցին արժանի է ամենալավին։ Եվ այսօր մենք ընդլայնում ենք մեր արտաքին կապերը, որպեսզի ավելի արդյունավետ և տեսանելի դարձնենք մեր քաղաքի զարգացման ուղին։ Եվ այդ ուղղությամբ մեր այս տարվա ձեռքբերումներից էր՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հեյլունծիյան նահանգի Հարբին քաղաքում, մեր և Հարբին քաղաքի ժողովրդական կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման և համագործակցության մասին հուշագիրը, ինչը առաջիկայում ավելի տեսանելի և գործնական կդառնա՝ ամենատարբեր ոլորտների համագործակցությամբ։ Արտաքին հարաբերությունների ձևավորման գործընթացում մենք այլ նախադրյալներ նույնպես ունենք, որոնք գործնական կդառնան առաջիկայում»,-ասաց Փարամազյանը։
Հանդիսավոր նիստի ավարտից հետո տեղի ունեցավ պարգեւատրումներ։ Երեկոն Քաջարանում շարունակվեց մշակութային միջոցառումներով ու հյուրասիրությամբ։ Տոնական օրն ամփոփվելու է Արկադի Դումիկյանի համերգով։