Մեքքայում ամենամյա Հաջին մասնակցող տասնյակ ուխտավորներ են զոհվել. (լուսանկարներ)
Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում ամենամյա ուխտագնացության մեկնարկից ի վեր առնվազն 39 ուխտավոր է զոհվել, որոնք ուխտագնացության են ժամանել արաբական երկրներից:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով Սաուդյան Արաբիայի Գլխավոր վիճակագրական բյուրոյի հրապարակած տվյալները, ամենից շատ զոհեր կան Եգիպտոսի և Ալժիրի բնակիչների շրջանում: Բյուրոյի տվյալներով՝ բոլոր զոհերը տարեց մարդիկ են և մահացել են բնական պատճառներից՝ քրոնիկական հիվանդությունների սրման հետևանքով:
Թագավորության առողջապահության նախարարությունը ուխավորներին հիշեցրել է լուրջ և քրոնիկ հիվանդություններ ունենալու պարագայում Հաջից խուսափելու անհրաժեշտության մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, աշխարհի տարբեր երկրներից 2 մլն ուխտավոր է ժամանել Մեքքա՝ մահմեդական աշխարհի կրոնական կենտրոններից մեկը՝ մասնակցելու Արաֆաթ լեռը բարձրանալու արարողությանն ու ամենամյա Հաջին, որը համարվում է իսլամի հինգերորդ հիմնասյունը:
Արաբերենից թարգմանաբար «Հաջ» բառը նշանակում է «ձգտում, նպատակ»: Ուխտավորները պարտադիր պտույտ են կատարում Աստծո տան (Քաաբայի) շուրջ և մեկնում Մինայի Հովիտ, որտեղ ծիսակարգերն ավարտելուց հետո ևս մեկ հրաժեշտի պտույտ են կատարում նույն վայրում:
Այս տարի ուխտավորների անվտանգությունն ապահովում են ավելի քան 100 000 անվտանգության աշխատակից: