Կոլումբիացի պարտիզանները Արսեն Ոսկանյանին սպանել են փախուստի փորձ կատարելիս
Կոլումբիացի պարտիզանները սպանել են Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանին, ում նրանք առեւանգել էին անցյալ տարվա նոյեմբերին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Ազգային ազատագրական բանակի (ELN) պարտիզանների հրամանատարին: Ոսկանյանը սպանվել է ապրիլին փախուստի փորձ կատարելիս:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ոսկանյանին պարտիզանները գերեվարել են նոյեմբերին: Վերջինները պնդում են, որ Ոսկանյանը երկրի հյուսիս արեւմուտքում՝ Չոկո շրջանում, հավաքում էր անհետացող հազվագյուտ թունավոր գորտերի եւ պատրաստվում էր գորտերին երկրից դուրս բերել: Ապրիլին Ոսկանյանը փորձել է փախչել: Նա պայթեցրել է ձեռքի նռնակը՝ վիրավորելով 5 մարտիկների եւ փախել է, սակայն հրամանատարը պնդում է, որ նրան գնդակահարել են: Սակայն ոչ մի ապացույց չի ներկայացրել:
Նրա խոսքով՝ Ոսկանյանի մարմինը հանձնելու հարցը բանակցությունների թեմա է: Նախկինում պնդվում էր, որ Ոսկանյանին հաջողվել է փախչել, սակայն եւս մեկ աղբյուր հաստատել է, որ նա, այնուամենայնիվ, սպանվել է: