Պատերազմը մղվել է ագրեսորի տարածք. Զելենսկին՝ ուկրաինական ուժերի` ՌԴ Կուրսկի մարզ նեթափանցման մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «պատերազմը մղվել է ագրեսորի տարածք»՝ նկատի ունենալով ուկրաինական ուժերի ներթափանցումը ՌԴ Կուրսկի մարզ, գրում է tsn.ua կայքը:
«Ուկրաինան ապացուցում է, որ իրոք գիտի, թե ինչպես վերականգնել արդարությունը և ճնշում է գործադրում ագրեսորի վրա»,- ասել է նա:
Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին բազմիցս զեկուցել է ռազմաճակատում գործողությունների և «պատերազմը ագրեսորի տարածք մղելու մասին»։
Նա շնորհակալություն է հայտնել երկրի պաշտպանության ուժերի յուրաքանչյուր ստորաբաժանմանը, որը ներգրավված է այդ գործողություններում։
Այն բանից հետո, երբ ուկրաինական զինված ուժերն այս շաբաթվա սկզբին սկսել են ներխուժել Ռուսաստանի տարածք, Մոսկվան ջանքեր է գործադրում իր քաղաքացիներին տարհանելու և մարդասիրական օգնություն տրամադրելու համար, նշում է euronews.com-ը:
Վերջին տվյալներով՝ Կուրսկի մարզից արդեն տարհանվել է 76 հազար մարդ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ԱԻՆ-ին։
Ուրբաթ օրը ռուսական իշխանությունները սկսել են լրացուցիչ ուժեր տեղակայել Կուրսկում։ Մոսկվան «դաշնային մակարդակով» արտակարգ դրություն է հայտարարել մարզում ուկրաինական զորքերի սահմանը հատելուց չորս օր անց։ Դա Կիևի ամենամեծ հարձակումն էր Ռուսաստանի տարածքի վրա այն պահից, երբ ՌԴ-ն 2022 թվականի փետրվարին սկսել է հարձակումը։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինական զորքերի առաջխաղացումը սահմանային գոտում կասեցվել է Մոսկվայից մոտ 500 կիլոմետր հարավ-արևմուտք։ Սակայն ռազմական բլոգերները և բաց աղբյուրների տեղեկատվությունը ցույց են տալիս, որ ուկրաինական զորքերը առաջընթաց են գրանցել Կուրսկի մի քանի շրջաններում: