Սիրիական բանակն ԻՊ-ի գրոհայիններից ազատագրել է Աքերբաթ ռազմավարական նշանակության քաղաքը
Սիրիական բանակը և աշխարհազորայինների ջոկատները՝ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ, ազատագրել են Աքերբաթ ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքը, որը գտնվում է Համա նահանգի արևելքում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ինչպես հաղորդվում է, «Իսլամական պետության» խոշոր զորամիավորումները ոչնչացնելու գործողությունները Համայի արևելյան հատվածներում անցկացվել է ռուսական ինքնաթիռների աջակցությամբ, որոնց շնորհիվ ոչնչացվել են ահաբեկիչների զրահատեխնիկան և հենակետերը:
Ինչպես տեղեկացրել են ռազմական գերատեսչությունից, ոչնչացվել է ահաբեկիչների դիմակայության վերջին խոշորագույն օջախը Սիրիայի կենտրոնական շրջանում:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական ընդդիմադիր զորամիավորումներին հաջողվել է ԻՊ-ի գրոհայիններից ազատագրել Ռաքքայի պատմական թաղամասը: