Մագնիտոգորսկում սպանված 37-ամյա հայ ձեռնարկատիրոջ հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին
Մագնիտոգորսկում սպանված 37-ամյա հայ ձեռնարկատեր Կամո Հարությունյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 2-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի Հայերի միության Չելյաբինսկի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Գագիկ Մխիթարյանը:
Նրա խոսքով՝ Կամո Հարությունյանը Մագնիտոգորսկում մետալուրգիական փոքր գործարանի սեփականատերն էր, նա 2 երեխա ուներ: Իսկ այն տեղեկությունը, թե նա մարզի հայկական սփյուռքի ղեկավարներից մեկն էր, Մխիթարյանի խոսքով, իրականությանը չի համապատասխանում: «Նա ոչ մի կապ չունի սփյուռքի կառույցների հետ»,- պարզաբանեց Գագիկ Մխիթարյանը:
Նրա խոսքով՝ ձեռնարկատիրոջ սպանության պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: «Առայժմ նույնիսկ կասկածյալներ չկան»,- ասաց նա:
Ավելի վաղը NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 29-ի ուշ երեկոյան ձեռնարկատեր Կամո Հարությունյանը մոտեցել է իր շենքին եւ ուղղվել դեպի մուտքը: «Այդ պահին նրան է մոտեցել անհայտ անձը: Վկաների խոսքով՝ տղամարդկանց միջեւ բարձրաձայն կարճ զրույց է ընթացել: Այնուհետեւ անհայտ անձը դուրս է բերել ատրճանակը եւ կրակել՝ արձակելով 10 գնդակից ոչ պակաս»,- պատմել է աղբյուրը: Ստացած վնասվածքներից Հարությունյանը տեղում մահացել է, իսկ անհայտ անձը փախուստի է դիմել: Հիմնական վարկածի համաձայն՝ սպանության պատճառը բիզնեսի հետ կապված վեճն է. զոհը եւ մարդասպանը նախկինում ծանոթ էին: