«Հեզբոլլահ»-ի ջոկատները գնդակոծել են Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերը. ԶԼՄ-ներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շիաների «Հեզբոլլահ» կազմավորման մարտիկները, ըստ տարբեր հաղորդումների, տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի հյուսիսի բնակավայրերի ուղղությամբ՝ ի պատասխան Լիբանանի տարածքին հասցված ավիահարվածների:
Al Mayadeen պարբերականը հաղորդում է, որ գնդակոծության տակ են հայտնվել Ավիվիմ, Կիրյաթ Շմոնա և Մետուլա բնակավայրերը, որտեղ հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Դրանց շրջակայքի մի շարք վայրերում հրդեհների օջախներ են նկատվել։
Al Mayadeen-ի տվյալներով՝ այս գործողություններն իրականացվել են շիաների ջոկատների կողմից՝ ի պատասխան իսրայելական օդուժի գրոհի Լիբանանի հարավային Ջանթա բնակավայրի մերձակայքում «Հեզբոլլահ»-ի առաջադիրքի վրա: Հարվածներից մեկը հասցվել է բնակելի շենքի, ինչի հետևանքով զոհվել է 2 կին, վիրավորվել՝ 18 մարդ։ Հարձակումն իրականացվել է շիաների ջոկատների դաշտային հրամանատարին վերացնելու նպատակով․ նրա անունը չի հաղորդվում:
Շիա մարտիկներն արդեն երրորդ օրն է, ինչ ականանետներով գնդակոծում են Իսրայելի տարածքը, ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու համար օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր։
«Հեզբոլլահ»-ի գործադիր կոմիտեի ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ շիաների ջոկատները կուժեղացնեն Իսրայելի դեմ իրենց գործողությունների ինտենսիվությունը՝ ի պատասխան զինվորական ղեկավար Թալեբ Սամի Աբդալլայի սպանության, որը զոհվել է հունիսի 11-ին Տյուրոսի մոտ իսրայելական F-35 կործանիչի գրոհի ժամանակ: