Բողոքի ակցիա Բաքվում կայանալիք համաժողովից առաջ. Գերմանիայի քաղաքացիական ակտիվիստներն ու իրավապաշտպանները Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ բանտարկյալներին
Գերմանիայի քաղաքացիական ակտիվիստներն ու իրավապաշտպանները Ադրբեջանից եւ անձամբ նախագահ Իլհամ Ալիևից պահանջել են ազատ արձակել հայ բանտարկյալներին նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխությանը նվիրված ՄԱԿ-ի COP29 համաժողովից առաջ:
Բոննի World Conference Center շենքի մոտ, որտեղ ընթանում է կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովը, տեղի է ունեցել բողոքի ակցիա։
Ակտիվիստներից մեկը՝ Ջոնաթան Սպանբենբեգը, կոչ է արել համաժողովի մասնակիցներին, միջազգային հանրությանը և իրավապաշտպան կազմակերպություններին ուշադրություն դարձնել այն փաստին, որ COP29-ն անցկացվելու է մի երկրում, որտեղ մարդու իրավունքները կոպտորեն խախտվում են։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը հայերի նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն է վարում, Լեռնային Ղարաբաղից վտարել է 120.000 խաղաղ բնակիչների, ոչնչացնում է պատմական հուշարձանները եւ ջնջում է հայկական հետքը։
Մասնակիցները կոչ են արել Բոննի համաժողովի պատվիրակներին անհապաղ միջոցներ ձեռնարկել հայ բանտարկյալներին ազատ արձակելու համար:
Թեմայի վրա ուշադրություն հրավիրելու համար սոցիալական ցանցերում արշավ է սկսվել։ Յուրաքանչյուր ոք կարող է գրառում կատարել կամ լուսանկար հրապարակել #COP29 հեշթեգով և ուշադրություն հրավիրել Բաքվում քաղաքական բանտարկյալների խնդրին: