ՀայաՔվե քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
Ոստիկանության համազգեստ կրող բերետավորները վարկաբեկում են այդ համազգեստը և զանգվածաբար խախտում քաղաքացիների իրավունքները
ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է ՀՀ քաղաքացիների իրավունքները, մասնավորապես` բողոքի գործողություններ, դասադուլներ և գործադուլներ իրականացնելու իրավունքը։ ՀՀ սահմանադրությունն ամրագրում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը կարող է պահանջել իշխանության հրաժարականն ու համապատասխան բողոքի գործողություններ իրականացնել գործող վարչակազմից իր դժգոհությունն արտահայտելու համար։
ՀՀ քաղաքացիների այս սահմանադրական իրավունքներն այսօր հերթական անգամ կոպիտ կերպով խախտվել են ոստիկանական համազգեստ կրող անձանց կողմից, որոնք դուրս գալով իրենց լիազորություններից` զանգվածային և աննախադեպ բռնություններ են իրականացրել ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
Այս վարմունքով ոստիկանական այսպես կոչված հատուկջոկատայիններն իրենց հավասարեցրել են փողոցային խուլիգանական բանդաներին` նպաստելով վարչախմբի իշխանությունն ամեն գնով պահպանելու գործին, զանգվածաբար ոտնահարելով ՀՀ քաղաքացիների իրավունքները և վերազանցելով սեփական լիազորությունները։
Սա նաև ապացույցն է այն հանգամանքի, որ վարչախումբը կորցրել է կապն իրականության հետ, հենվում է ոստիկանական բիրտ ուժի վրա, և իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով ոստիկանության հատուկ ջոկատայիններին մղում է նորանոր հանցանքների։
Հիշեցնում ենք, որ բոլոր հանցանքները վավերագրվում են, և դրանք իրականացրած անձանց հետևից վաղ թե ուշ գալու են իրավապահ մարմինները։
Դիմում ենք ՀՀ դատախազությանը` հորդորելով շուտափույթ կերպով քննություններ սկսել այս օրերին Հայաստանում ոստիկանության կողմից աննախադեպ ծավալի բռնությունների իրականացման դեպքերի կապակցությամբ, նաև պահանջում ենք ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների ու հատկապես ոստիկանապետի հրաժարականը, որն այս օրերին աչքի է ընկնում իր անհավասարակշիռ պահվածքով։
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարում է, որ շարունակելու է աջակցել հայրենիքի փրկության համար սկսված Սրբազան շարժմանը: Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին դուրս գալ փողոց` ի պաշտպանություն Հայաստանի և ՀՀ քաղաքացիների իրավունքների։
Վարչախումբը պետք է հեռանա, ու դրան այլընտրանք չկա։
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնություն