Գլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գլենդելի հայությունն իր աջակցությունն է հայտնելու Բագրատ Սրբազանին և հայրենիքի հանձնման դեմ պայքարում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց Միացյալ Նահանգների հայ համայնքի ակտիվ գործիչներից Սարգիս Զելվեյանը։
Աջակցության ակցիան կմեկնարկի մայիսի 9-ին՝ երեկոյան 19.00-ին Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուց՝ երեկոյան ժամը 19.00-ին։ Եկեղեցում հավաք է լինելու, որից հետո քայլարշավ կլինի դեպի Գլենդելում Հայաստանի հյուպատոսարան։
«Նույն պահանջներն ենք հնչեցնելու, ինչ Բագրատ Սրբազանն է հնչեցնում։ Մենք հնչեցնելու ենք կոչեր՝ ճշմարտություն, վերջ նիկոլիզմին, վերջ դավաճանությանը։ Հիմնական շարժիչ ուժը երիտասարդներն են, պահանջներն են լինելու՝ Նիկոլի ու իր դավաճանական վարչակազմի հեռացում»,- ասաց Զելվեյանը։
Նա նշեց, որ հայ համայնքը հիմա փոքր-ինչ պասիվ վիճակում է, սակայն այն, որ շարժումը Հայաստանում ավելի մեծ ծավալ է ստանում՝ ոգևորում է նաև Միացյալ Նահանգների հայերին։ Հատկապես ոգևորիչ է եղել «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման ձևավորումն ու Միքայել Սրբազանի առաջնորդությունը՝ նշում է Զելվեյանը։
Հիշեցնենք, որ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ով այժմ Միացյալ Նահանգներում է, ևս իր աջակցությունն է հայտնել հայրենիքի փրկության շարժմանը, մասնավորապես գրել է․«Ես լիովին աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսի նախաձեռնությունը։ Սատարում եմ Միքաէլ Սրբազանին: Ամբողջովին սատարում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգեւոր Խորհրդի կոչն ու հայտարարությունը: Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը: Այսօր հզոր պիտի հնչեն հայոց զանգերը մեր հոգիներում՝ վասն զի սթափվելու եւ արթնանալու ժամն է եկել: Բավական է ստորադասված ձեւով միակողմանի զիջումներ անենք։ Թշնամու ախորժակը անսահման է։ Ինչու՞ չենք պահանջում որ թշնամին դուրս գա Հայոց գրավյալ տարածքներից, ինչու՞ չենք պահանջում մեր Արծվաշենը, ինչու՞ չենք պահանջում մեր գերիների ու Արցախի իշխանավորների ազատագրումը։ Ինչու՞ ենք միակողմանի ականազերծում մեր սահմանագծերը։ Հանուն ինչի՞ պիտի հանենք մեր զինանիշից Մասիս սարը։ Հանուն ինչի՞ պիտի փոխենք մեր սահմանադրությունը։ Երբ՞ պիտի դասեր քաղենք պատմությունից՝ ում հավատալ իսկ ում ոչ։ Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին։ Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել»։