«Միասնություն» համազգային շարժումը հանդիպել է երիտասարդության հետ (տեսանյութ, լուսանկարներ)
Ապրիլի 6-ին «Seven Visions, The Dvin Resort»-ում տեղի է ունեցել «Միասնություն» համազգային շարժման հանդիպումը երիտասարդների հետ, որի ընթացքում քննարկվել են հասարակական տարբեր գործընթացներում երիտասարդների դերը, ներգրավվածությունն ու գաղափարները։ Ներկա են եղել ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ, երիտասարդական ՀԿ-ների ղեկավարներ։ Հանդիպման սկզբում հնչել է ՀՀ օրհներգը, որից հետո ելույթներով հանդես են եկել շարժման ղեկավար Արման Վարդանյանը, «Հայկական երազանք» կուսակցության նախագահ, «Միասնություն» համազգային շարժման խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը, երիտասարդական ՀԿ-ների ղեկավարներ և ակտիվ ուսանողներ։
Շարժման առաջնորդ Արման Վարդանյանը, դիմելով երիտասարդներին, նշել է մի քանի կարևոր ուղենիշներ, որոնք նրանք պետք է դնեն իրենց առջև նպատակներին հասնելու համար։
Արման Վարդանյանն իր ելույթում կարևորել է այնտեղ ներկա երիտասարդների մոտեցումներն ու գաղափարները, վստահեցրել, որ «Միասնություն» համազգային շարժումը մշտապես պատրաստ է լինելու լսել նրանց, օգնել խորհուրդներով։
Երիտասարդների հետ հանդիպումն անցել է ջերմ ու աշխույժ մթնոլորտում, որի ավարտին տեղի է ունեցել նաև հարցուպատասխան․ ներկաները իրենց հուզող հարցերն են ուղղել «Միասնություն» համազգային շարժման առաջնորդ Արման Վարդանյանին։ Վերջինիս առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումների շարք ունենալ ու համատեղ իրականացման համար ներկայացնել երիտասարդության շրջանում ակտիվ գործունեության, հայրենասիրական, ազգային, հավատքի, բանակային թեմաներին վերաբերող տարբեր նախագծեր։
Շարժման առաջնորդը վստահեցրել է՝ կաջակցի դրանց իրականացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։