Սահամնազատման հանձնաժողովները հանդիպել են. քննարկված թեմաներից տեղեկություններ չկան
Հայ-ադրբեջանական սահմանին երեկ հանդիպել են երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները։ Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանձնաժողովներն անդրադարձել են սահմանազատման հարցերին և սկսել համաձայնեցնել հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագիծը։ Նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ ուղեցույցների նախագծերը։ Սա, ըստ հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության։
Հունվարի վերջին տեղի ունեցած 6-րդ հանդիպումից հետո տեղեկություններ կային, որ հանձնաժողովները շարունակելու են հանդիպումը, սակայն մինչև այսօր որևէ հստակ ակնարկ այդ մասին չի եղել, և պաշտոնական հաղորդագրություն տարածվել է միայն համապատասխան հանդիպումից հետո։
Ըստ էության, թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը հանդիպումների վերաբերյալ չափազանց սուղ ինֆորմացիա են տալիս։ Ի դեպ, նախօրեին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրապարակել էր Հայաստանի պահանջած 31 ոչ անկլավային տարածքների մանրամասն ցանկը, նշել, թե Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 բնակավայրերի տարածքները։
Ըստ էության, Բաքուն 4 գյուղ պահանջում է հայկական կողմից՝ առանց իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից հետ քաշելու մտադրության, ավելին, երեկ Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատաման, Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներից։ Հայաստանն առայժմ հայտարարությունների տեսքով պահանջում է միայն սեփական տարածքները, և Ադրբեջանի այս հայտարարությունը վկայում է, որ նրանք նույնիսկ մտադիր չեն վերադարձնել Հայաստանի ինքնիշխան տարածքները, որտեղ եկել և ինքնագլուխ տեղակայվել են վերջին տարիներին։ Այժմ էլ ՀՀ իշխանություններին պարտադրում են ընդունել իրենց խաղի կանոնները։
Փաստացի, 29800 քառակուսի կիլոմետր տարածքից շատ ավելի պակաս թողնելով Հայաստանին։
Կարեն Մելիքյան