ԱՄՆ-ում 5-ամյա որդու սպանության մեջ մեղադրվող հայ տղամարդը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Կալիֆորնիայի բնակիչ 35-ամյա Արամազդ Անդրեասյանը, որին մեղադրանք էր առաջադրված իր 5-ամյա որդու սպանության մեղադրանքով, դատապարտվել է 25 տարուց մինչև ցմահ ազատազրկման, գրում է CNN-ը:
Անդրեասյանը կարող է դատարանի վճիռը բողոքարկել և վաղաժամ բանտից դուրս գալ միայն 25 տարի անց: Դատական նիստի ամբողջ ընթացքում դատարանում են եղել երեխայի մայրը և այլ հարազատներ: Նրանք մեղադրական հայտարարություններ են արել՝ նշելով, որ հայրը երեխային պաշտպանելու, ոչ թե վնասելու համար է:
3 ամիս տևած որոնողական աշխատանքից հետո ԱՄՆ-ում՝ Սանտա Բարբարա շրջանի Քաչումա լճի մոտակայքում գտել էին ապրիլի 22-ից անհետ կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյանի դին: Երեխայի մարմինը հայտնաբերվել է նրա հորը` Արամազդ Անդրեասյան ավագին Լաս Վեգասում ձերբակալելուց մեկ շաբաթ անց: Արամազդ Անդրեասյանին ձերբակալել էին հունիսի 23-ին որդու այն ժամանակ դեռ անարդյունք որոնումներից հետո երեխայի սպանության կասկածանքով:
Արամազդ Անդրեասյանի մայրը՝ Անա Էստվեզը, որդու անհետացման մասին ահազանգել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը՝ Արամազդ Անդրեասյան ավագը, որդուն չէր բերել նախապես պայմանավորված վայրը՝ երեխային մորը փոխանցելու։ Նույն օրը նրան հայտնաբերել էին իր մեքենայի մոտ՝ անգիտակից վիճակում ընկած գետնին: Նա չի կարողացել բացատրել, թե որտեղ է երեխան: 35-ամյա հայ տղամարդուն ձերբակալել էին որդուն առեւանգելու կասկածանքով, այնուհետեւ ազատ էին արձակել՝ ապացույցների բացակայության պատճառով։