Չեմ ուզում կանխավարկած ունենալ, որ քրեական տարրեր կան, բայց անպատասխանատու մարդիկ չպիտի մեզ հետ աշխատեն. Ավինյան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 մետաղական կմախքով տերասային տախտակներով պատրաստված նստարանների վերաբերյալ զեկուցվեց, որ արտադրողի կողմից տրվել է տեղեկանք տախտակների մշակման փուլերի վերաբերյալ, սակայն ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ նստարանները և տեղադրումը չեն համապատասխանում նախագծին, իսկ տախտակի որակի վերաբերյալ նշվեց, որ այն չի համապատասխանում պահանջված որակին և գնին: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել` դրանք վերականգնելու կամ փոխարինելու համար։ «Պատասխանատվությունը դրվում է մատակարարի վրա»:
Քաղաքապետին զեկուցվեց, որ վերջինս պարտավորվել է 20 օրում վերացնել թերությունները:
Ավինյանը խնդրեց,որ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում, որովհետև դուք ունեք աշխատակիցներ, նրանք թերացել են։ «Հետևապես համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն: Եթե երևանցիներն ինչ-որ բանի համար վճարում են, դրան պետք է պատասխանատվությամբ վերաբերվել։ Չեմ ուզում կանխավարկած ունենալ, որ քրեական տարրեր կան, բայց անպատասխանատու մարդիկ չպիտի մեզ հետ աշխատեն»։