Աստվա´ծ, օրհնիր մեր ժողովրդին ու մեր պետությունը․ Արման Վարդանյան
«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․
«Իմ մտերիմները գիտեն, որ չեմ սիրում խոսել այն սոցիալական և բարեգործական նախագծերից, որոնք նախաձեռնում կամ որոնց աջակցում եմ, բայց այսօր ստիպված եմ բացառություն անել:Սիրելի´ բարեկամներ, մինչդեռ շատերը տոնում են Ամանորը ռեստորաններում կամ իրենց հարմարավետ հարկի ներքո (ոչ մեկին չեմ ուզում հանդիմանել դրա համար), Արցախի մեր շատ քույրեր ու եղբայրներ, իրենց տներից հեռու, փորձում են լուծել իրենց մեծ ու բազմազավակ ընտանիքների գոյության հարցը:
Թող մեզնից յուրաքանչյուրը ջերմություն, սեր ու աջակցություն ցուցաբերի Արցախի մեր հայրենակիցներին: Եվ մեզնից յուրաքանչյուրը թող դաստիարակի իր երեխաներին հայրենասիրության և իր հայրենակիցների հանդեպ պատասխանատվության ոգով:
Թող 2024 թվականը հայ ժողովրդի վերածննդի, բարգավաճման և միասնության տարի լինի:
Աստվա´ծ, օրհնիր մեր ժողովրդին ու մեր պետությունը:
Հ.Գ. Գիտեմ, որ շատ-շատերդ օգնել եք և շարունակում եք օգնել մեր արցախցիներին: Իսկ եթե ինչ-որ մեկը ուզում է օգնել և չգիտի` ինչպես, դիմեք Նաիրա Զոհրաբյանին, ով հենց առաջին օրերից տիտանական աշխատանք է տանում այդ ուղղությամբ: Նա ունի այն մարդկանց ցուցակը, ով իրապես օգնության կարիք ունի:
Իմ որդիները` Առնոն ու Արեսը, ընկերացան այս հիանալի ընտանիքի երեխաների հետ և խոստացան հետագայում առանց ինձ այցելել նրանց:
Միասի´ն օգնենք Արցախի մեր ֆանտաստիկ խելացի ու գեղեցիկ բալիկներին»: