Վարչախումբը ձախողում է «Հայաքվեն»
Ինչպես և սպասելի էր «Քաղաքացիական պայմանագիրը» բացասական եզրակացություն է տվել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենքի նախագծին։
Աժ պետաիրավական հանձնաժողովում երեկ կայացած քննարկումները 7 ժամ են տևել և բավական թեժ են անցել։ «Հայաքվեն», հիշեցնենք, 58 հազար քաղաքացիների ստորագրություն էր հավաքել և ներկայացրել խորհրդարան՝ առաջարկելով քրեականացնել Հայաստանի անունից Լեռնային Ղարաբաղը որևէ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը ժխտելը։
Փաստացի այս երկու քայլերն էլ Հայաստանի գործող իշխանությունների հիմնական արտաքին քաղաքական ուղղություններն են դարձել, և «Հայաքվեն» այս նախաձեռնությամբ փորձում է կանխել վտանգավոր զարգացումները։
Երեկ կայացած նիստում գործող վարչախմբի ներկայացուցիչները կրկին դիմել են պոպուլիզմին և պարզ դեմագոգիային, ավելին հայտարարել, թե ողջունում են նման նախաձեռնությունը, սակայն բովանդակություն չեն տեսնում դրա մեջ։ Իհարկե, «Քաղպայմանագրի» պատգամավորների համար միակ բովանդակությունը Փաշինյանի հայտարարություններն են, նրանք խորապես թքած ունեն, որ այդ հայտարարությունները կարող են կարճ ժամկետի ընթացքում հակասել իրար։
Ընդդիմադիր խմբակցություններն իրենց հերթին նախաձեռնության վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ էին մշակել, որի քվեարկությունն առաջարկել են հետաձգել 2 ամսով լրամշակման համար։ Ի վերջո հասկանալով, որ «Հայաքվեի» նախաձեռնությունը խորհրդարան հասնելու դեպքում ձախողվելու է, ընդդիմադիրները և նախաձեռնության ներկայացուցիչներն առաջարկել են հետաձգել, լրամշակել։
Այսօր կայացած նիստում 57 դեմ և 26 կողմ ձայներով «Հայաքվե»-ի օրինագիծը չի ընդգրկվել օրակարգում։ Այժմ արդեն «Հայաքվեն» պետք է ավելի բարդ ընթացակարգ անցնի, հավաքված 50 հազար ստորագրությունների փոխարեն ևս 300 հազար ներկայացնի, ինչը վարչական ռեսուրսների կիրառման պայմաններում գրեթե անհնարին կլինի։
Աննա Բայրամյան