Նոր մանրամասներ Շամիրամում տեղի ունեցած սպանությունից. վարկած կա՝ կասկածյալը պարտքե՞րն է պահանջել
NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ օգոստոսի 1–ին, Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից։ Հիշեցնենք, որ անհայտ անձը ներխուժել է գյուղի գերեզմանատանը գտնվող սգո սրահ եւ ինքնաձիգով կրակ բացել մարդկանց վրա, որի հետեւանքով զոհվել է երեք եւ վիրավորվել ութ քաղաքացի։ Նշենք, որ սա եզդիաբնակ գյուղ է:
Մեզ հասած տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվողը միջին տարիքի տղամարդ է, ազգությամբ եզդի։ Նախնական վարկածով՝ սգո սրահում կրակ բացելու դրդապատճառը եղել է կենցաղային, պարտք ու պահանջ է ունեցել գյուղացիների հետ։ Վերջինս պարբերաբար արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան։ Իր հարազատներն ու ծանոթները իրեն պարտք են եղել , պարբերաբար պահանջել է, չի ստացել, ինչի հետեւանքով վրդովված այսօր ներխուժել է սգո սրահ, որտեղ եզդիական ավանդույթի համաձայն գերեզմանի օր է եղել ու եւ կրակել մարդկանց վրա։ Ընդգծենք, որ սա նախնական վարկածն է, մանրամասները պարզվում են։