Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել
Մոսկվայից քիչ հեռու՝ Իստրա շրջանում, ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Զոհեր և ավերածություններ չկան։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- ասվում է Մոսկվայի քաղաքապետի տելեգրամյան ալիքում։
ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով գիշերը ժամը 3-ին Իստրայի շրջանում անօդաչու թռչող սարք է խոցվել։ Ըստ գերատեսչության, ենթադրվում է, որ ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքը պետք է խոցեր «Մոսկվայի և Մերձմոսկվայի տարածքում գտնվող օբյեկտները»։
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մոսկվայի օդանավակայաններում օդանավերի մեկնումները և վայրէջքները հետաձգվել են. ներդրվել է «Կարպետ» պլանը, ըստ որի՝ օդային տարածքը փակ է։
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է 24 չվերթ, ևս ութը՝ չեղարկվել է։ Որոշ ժամանակ անց օդանավակայանները վերսկսել են աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիացիոն ծառայությունները։