Վանիկ Ղազարյանը 19 տարեկան էր. Վայոց ձորի Գետափ բնակավայրից էր
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Եղեգնաձորի համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Գեղեցիկ Ասրյանը ասաց, որ 19 տարեկան Վանիկը Ղազարյանը Վայոց ձորի Գետափ բնակավայրից էր։
«Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, ընդունվելուց հետո մեկնել ծառայության։ Վեց ամիս Հոկտեմբերյանում է ծառայել, այնուհետև սերժանտի կոչումով տեղափոխվել է Վարդենիս»,-ասաց մեր զրուցակիցը
Ասրյանի խոսքով` շատ լավ երիտասարդ էր Վանիկը` բարեհամբույր, ընկերասեր, խելացի։ Նրա խոսքով՝ Վանիկը հասարակության ակտիվ անդամներից էր, հասարակական բոլոր միջոցառումներին նա միշտ մասնակից է եղել։
«Վանիկը տան միակ երեխան չէր։ Ունի փոքր եղբայր` 5-րդ դասարանում սովորող, ունի քույր, որը այս տարի ընդունվել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա։ Հայրը այս պահին աշխատանք չունի, մայրը դպրոցում խոհարար է աշխատում, թոշակառու տատիկ, պապիկ ունի։ Շատ հարգված ընտանիք են»,-ասաց Գեղեցիկ Ասրյանը և հավելեց` ամբողջ համայնքով ցավում ենք կատարվածի համար։