ՔՊ-ն պետք է հեռանա իշխանությունից, մարդիկ այս հարցի շուրջ ունեն կոնսենսուս. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Ապրելու երկիր» կուսակցությունը մի քանի համայնքում արդեն ապացուցել է, որ ընտրություններով կարելի է հաղթել իշխանություններին և, որ ամենակարևորն է, ընտրվելուց հետո մենք չենք հիասթափեցրել մեր քաղաքացիներին:
Երևանում էլ մենք կշարունակենք այդ բարի ավանդույթը։ Եվ մեզ չի անհանգստացնում, որ իշխանական թեկնածուն արդեն մեկ տարի է՝ բացահայտ քարոզարշավ է իրականացնում, որովհետև երևանցուն հեշտ չէ մոլորեցնելը․ նա իր մաշկի վրա է զգում, որ օրինակ, հեռուստատեսային գեղեցիկ ռեպորտաժներով ցուցադրվող նոր ու գեղեցիկ ավտոբուսները չեն լուծում իր խնդիրը, ինքը շարունակում է կանգնած մնալ խցանման մեջ՝ «նոր ավտոբուսներում»։
Այս ապաշնորհ իշխանությունները այդպես էլ չեն հասկացել, որ պետություն կամ քաղաք ղեկավարելու համար, բացի ֆինանսական միջոցներից, անհրաժեշտ է նաև գիտելիք և կարողություն: Այն համայնքներում, որտեղ հաղթել ենք, մենք ապացուցել ենք, որ ունենք և՛ գիտելիք, և՛ կամք, և՛ կարողություն։