Լճաշենում ինչու է որդին 86 ամյա մորը զրկել կյանքից. մանրամասներ են հայտնի դարձել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զավեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2023թ. մայիսի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի 9-րդ փողոցի տուն 15 հասցեում գտնվող բնակարանում, իր մոր՝ Կատյա Խաչատրյանին սպանելու, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ նախ ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև ձեռքերով սեղմել է Կ. Խաչատրյանի պարանոցը, ինչի հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից վերջինս մահացել է: Իրավապահները գործն ուղարկել են դատարան։
Ըստ նախաքննական մարմնի՝ 2023թ․ մայիսի 6-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի 50-ամյա բնակչից «Սևան» ԲԿ ահազանգ էր ստացվել այն մասին, որ տանն իր մայրը հանկարծամահ է եղել:
Առանձնատանը՝ ննջասենյակի անկողնում, մեջքի վրա պառկած վիճակում, հայտնաբերվել էր 86-ամյա Կատյա Խաչատրյանի դին՝ բռնության հետքերով:
Դեպքի առթիվ 2023թ․ մայիսի 6-ին Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշներով, նախաձեռնվել էր քրեական վարույթ և ձեռնարկվել նախաքննություն։
Զննությամբ կնոջ դիակի վրա՝ դեմքի ու պարանոցի շրջանում, հայտնաբերվել էին կապտուկներ և արյունազեղումներ, վնասվածքներ վերին և ստորին վերջույթների վրա։
Նույն օրը մորը սպանելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով՝ վերջինիս որդին՝ Զ․Խ․-ն, ձերբակալվել էր։
Քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Զ․Խ․-ն, Լճաշեն բնակավայրում գտնվող բնակարանում անկողնային վիճակում գտնվող իր մայր Կատյա Խաչատրյանի հետ իր կնոջ վերաբերյալ ունեցած խոսակցության ընթացքում առաջացած վիճաբանությունից դրդված՝ կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով հարվածներ էր հասցրել մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այնուհետև ձեռքերով սեղմել էր վերջինիս պարանոցը, ինչի արդյունքում առաջացած մեխանիկական շնչահեղձության հետևանքով Կատյա Խաչատրյանը մահացել էր:
2023թ․ մայիսի 8-ին 50-ամյա տղամարդուն մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։