Արդվեցիների առաջին հաղթանակը. «Միռամ»–ը փոշմանեց ու հեռացավ գյուղից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ Լոռու մարզի Արդվի համայնքում պիտի տեղի ունենային հանրային լսումներ՝ գյուղի տարածքում ոսկու հանքի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել փորձող ընկերության՝ «Միռամ»–ի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանրային լսումները նշանակված էին առավոտյան ժամը 12–ին, սակայն հյուրերը բավական ուշացան՝ կիզիչ արևի տակ սպասեցնելով գյուղացիներին: Իսկ մինչ նրանք ճանապարհվում էին դեպի Արդվի, գյուղացիները ավտոմեքենաներով փակել էին գյուղ տանող ճանապարհը: 40 րոպե ուշացումից հետո վերջապես ընկերության ներկայացուցիչները հասան գյուղ, սակայն ճանապարհը փակած ժողովրդի և ավտոմեքենաների պատին հանդիպելով և այլընտրանք չունենալով՝ մնացին գյուղի ծայրում:
Ժողովուրդը դուրս էր եկել փողոց և թույլ չէր տալիս նրանց մտնել գյուղ: Եվ ըստ երևույթին, այստեղ դրսի հյուրերը միայն մեկ ելք ունեին, այն է՝ ամեն ինչ թողնել ու հեռանալ, ինչն էլ ժամեր անց տեղի ունեցավ և հարցի, կարծես թե, լուծված լինելը ազդարարվեց:
Արդվեցի Սուրեն Կիրակոսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ գյուղացիները մինչև վերջ չեն թողել ընկերության ներկայացուցիչներին ներս մտնել գյուղի տարածք՝ առաջարկելով խոսել հենց տեղում: Վերջինները փորձեր են արել գյուղացիների հետ ընդհանուր լեզու գտնել, համոզել, սակայն արդվեցիները անդրդվելի են եղել և փոխզիջման չեն գնացել: Դեռ հակառակը՝ արդվեցիները պատասխանել են, որ այդ իրենք ասելիք ունեն և հենց այդտեղ էլ պատրաստ են խոսել:
Իհարկե, այս առաջարկը գյուղում ոսկու հանքի շահագործում իրականացնել փորձող ընկերության ներկայացուցիչներին այնքան էլ դուր չի եկել և վերջինները պատճառաբանել են, թե իրենց փակ տարածք է անհրաժեշտ:
«Մեզ խաբել են, ժամը 12–ին լսում են նշանակել, բայց 12:40 նոր գալիս են, ամբողջ գյուղը էս արևի տակ սպասումա, ընթացքում էլ անընդհատ խաբեություններ են եղել: Իրենք առաջ չէին գալիս, կանգնել էին իրենց մեքենաների մոտ, մեզնից մի 50 մ ներքև: Դելեգացիա էին ուղարկել, որպեսզի իրենց սենյակ տայինք: Բայց մենք ասացինք՝ հավաքված ա գյուղը, եկեք ասեք՝ ինչ պետք է: Մենք այնպես չէ, որ կատեգորիկ ասում էինք չենք ուզում լսել, ասում էինք մենք էլ ասելիք ունենք: Դուք ձեր ասելիքը արդեն իսկ տեղադրել եք Բնապահպանության նախարարության կայքում: Հասկացանք՝ ինչի մասին է խոսքը, հիմի ի՞նչ գաք ներկայացնեք»,– ասաց Սուրենը:
Նման սպասողական վիճակից մոտ մեկ ժամ անց, տեսնելով, որ հնարավոր չէ գյուղացիներին համոզել, ընկերության ու Բնապահպանության նախարարության աշխատակիցները հեռացան գյուղից:
«Մենք ճանապարհեցինք իրենց, իրենք առաջ էլ չեկան: Գյուղացիներից մեկն իրենց հետ խոսեց, առաջարկեց՝ ժողովրդին դրսում լսել, բայց ոչ ոք առաջ չեկավ: Բնապահպանության նախարարության աշխատակիցներն էլ պատճառաբանեցին, թե նման պայմաններում չեն կարող լսումներ անցկացնել: Բայց մեր գյուղում այնքան մեծ տեղ չկա, որ բոլորը ներկա լինեն: Իսկ լսումներին բոլորն էին ուզում ներկա գտնվել: Եվ հետո ի՞նչ տարբերություն, թող բացօթյա լսումներ լինեին»,– հավելեց Սուրենը:
Նրա խոսքով՝ հյուրերն ուղղակի թողեցին–գնացին, մինչ այդ էլ ոչ ոքի հետ նորմալ չզրուցեցին, ինչի արդյունքում էլ չպարզվեց, թե ով՝ ով է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում