ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել միջազգային օլիմպիական օրվա կապակցությամբ
Հարգելի մարզիկներ, մարզիչներ, մարզասերներ.
Հունիսի 23-ին աշխարհը տոնում է միջազգային օլիմպիական օրը:
Սա հիանալի առիթ է խորհելու այն մասին, թե ինչ է մեզ տալիս սպորտը և ֆիզիկական կուլտուրան:
Դեռևս 1894 թ. հունիսի 23 –ին այս կապակցությամբ ինքնատիպ պատասխան է տվել միջազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիր բարոն Պիեռ դը Կուբերտենը: Նրա երազանքն էր սպորտի արժեքների միջոցով մարդկությանը սովորեցնել ավելի լավ ապրել ու համերաշխ աշխարհ կառուցել, քանզի սպորտը և օլիմպիզմը յուրատեսակ կամուրջ է խաղաղության, բարեկամության ու ազգամիջյան հարաբերություններում:
Օլիմպիզմի գաղափարները այսօր միավորում են տարբեր տարիքի և սեռի միլիոնավոր մարդկանց:
Սպորտը սովորեցնում է ապրել խաղաղության, բարեկամության մթնոլորտում : Ավելին, սպորտի միջոցով մարդու մոտ դրսևորվում են լավագույն հատկանիշները, որոնք մեծ ուրախություն ու բավականություն են պատճառում, քանզի ֆիզկուլտուրան, սպորտը կոփում են առողջությունը և մարդուն դարձնում կենսունակ:
Հենց այդպիսին եմ պատկերացնում հայ մարդուն, մեր ազգաբնակչությանը, որին ցանկանում եմ բռունցքվել , համախմբվել, գործել միասնական, որպեսզի կարողանանք իրականացնել մեր ազգային ծրագրերը:
Հայաստանի ազգային օլիմպիական ընտանիքի անունից մաղթում եմ առողջություն, բարօրություն և հաջողություններ: