«Ավետաբերը» երիտասարդության,ուժի,գեղեցկության արձան է, որը մարմնավորել է ջահելության իղձերն ու երազանքները․ Կարեն Մալխասյան
Գյումրի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Առաջին նկարում Լենինականի Կոմերիտմության այգին և «Ավետաբեր» արձանն են։
Երկրորդ նկարում (մեր օրեր)՝ այն, ինչ մնացել է այգուց և արձանից։
Օրերս առաջարկություն եմ ներկայացրել Գյումրի համայնքի ղեկավարին շահագրգիռ կողմերի հետ համագործակցության արդյունքում գտնել՝ Վ․ Սարգսյան փողոցում «Երիտասարդության այգու» (նախկին Կոմերիտմիության այգի) և այգում գտնվող «Ավետաբեր» արձանի վերակառուցման, վերականգնման և պահպանման լուծման ուղիները՝ հայտնելով նաև իմ պատրաստակամությունը ցանկացած ձևաչափով ներգրավվելու վերը նշված խնդիրների լուծման աշխատանքներին։ Հարցով հետաքրքրված անձանց հիշեցնեմ, որ այգին, որպես կանաչ գոտի, գործել է մինչև 1988 թվականի աղետալի երկրաշարժը, այնուհետև տարածքում տեղադրվել են տնակներ, և այգին դարձել է տնակային ավան։ Տարիների ընթացքում բնակարան ստացած ընտանիքները լքել են տարածքը։ Այգում 1981 թվականին տեղադրվել է «Ավետաբեր» արձանը, որի հեղինակներն են ՀՀ վաստակավոր գործիչ, նկարիչ, քանդակագործ Սամվել Պետրոսյանը և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը։ «Ավետաբերը» երիտասարդության, ուժի, գեղեցկության արձան է, որը մարմնավորել է ջահելության իղձերն ու երազանքները։ Ներկայումս նշված տարածքում առկա են մի քանի տնակներ և տաղավար։ Հայտնի է նաև, որ այգու որոշակի հատված ժամանակին օտարվել է մասնավորին, որի արդյունքում, օտարված հատվածը կառուցապատվել է և գործում է որպես առևտրի կենտրոն։