Մոլդովայում այսօր 62 անգամ ավելի շատ արևային էներգիա է արտադրվում, քան 5 տարի առաջ
Մոլդովայում այսօր 62 անգամ ավելի շատ արևային էներգիա է արտադրվում, քան 5 տարի առաջ։ Նախկին խորհրդային երկրներից թերևս Մոլդովան է համադրելի Հայաստանի հետ իր չափերով, տեղադրությամբ, անկախությունից հետո ունեցած խնդիրներով։ 2022 թվականին Մոլդովայում ավելի քան 1800 մարդ արևային մարտկոցներ է տեղադրել, 2018 թվականին դրանց թիվը եղել է ընդամենը 57։
Մոլդովայի էներգոարդյունավետութան գործակալությունն է այդ մասին նշել, թե արևային էներգիայի արտադրության համախառն հզորությունը 5 տարում աճել է 62 անգամ, 542 կիլովատտից մինչև 33,47 մեգավատտ։ Այս տարվա հուվար-փետրվար ամիսներին Մոլդովայում արդեն 721 անձինք ֆոտոէլեկտրական համալիրներ են տեղադրել 12, 8 մեգավատտ հզորությամբ։ Այսպիսի տեմպը վկայում է, որ Մոլդովայում հստակ գիտակցում են արևային էներգիայի արտադրության կարևորությունը սեփական երկրի էներգետիկ ինքնաբավության և անկախության ապահովման գործում։
Պետությունը, ըստ առկա տեղեկությունների, զգալի աշխատանք է կատարում այդ ուղղությամբ, նույնիսկ միջոցներ է ներգրավում Եվրամիությունից, որպեսզի կարողանա ավելի շատ արտադրել արևային էներգիա։ Թերևս Հայաստանի հետ համեմատելի է այն, որ Մոլդովայում տարիներ շարունակ բավարար ուշադրություն չեն դարձրել արևային էներգիայի զարգացմանը և միայն այսօր են այսպես ասած արթնացել։ Ի դեպ Մոլդովայում արևային վահանակներ արտադրող որևէ ընկերություն չկա։ Հայաստանն այդ առումով նույնիսկ գերազանցում է Մոլդովային։
Մեր երկրում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», ուստի Հայաստանում ևս հնարավոր է ավելի լայն թափով արևային էներգիայի զարգացում ապահովել, միայն թե առաջին հերթին անհրաժեշտ է իշխանությունների քաղաքական կամքը։
Կարեն Օհանյան