Ռուբեն Վարդանյանի ուշագրավ շեշտադրումները՝ «Ապագա հայկականը» համաժողովի ժամանակ
Երևանում ընթացող «Ապագա հայկականը» համաժողովը երեկ բավական ուշագրավ քննարկումների հարթակ է դարձել։ Համաժողովին Արցախից տեսակապով միացել է նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, որի խոսքը չափազանց ուշագրավ շեշտադրումներ է պարունակել։
Արցախի նախկին պետնախարարը հայտարարել է, թե Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ սուտ է, թե հայը մտածում է միայն ուտելու մասին։ Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ հայն ունի գաղափարների շուրջ քննարկումների մեծ պահանջ, նա պիտի հավատա և դրա համար պիտի իմանա, որ ինքը կարևոր է որպես անձ, դա չես կարող անել խանութները սնունդ լցնելով, կարևոր է գաղափարը, առանց դրա ոչինչ չի ստացվելու մեր մոտ։
Նրա խոսքով՝ Արցախում քննարկումները երկու ուղղությամբ են, մեկն ասում է, թե ո՞վ է գործ անում ու անանաս ուտում, մյուսն ասում է՝ ի՞նչ գաղափարի շուրջ ենք մենք հավաքվում։ «Մենք լուրջ մարտահրավերներ ունենք, մենք պետք է շատ արագ գտնենք մեր մեջ ուժ և հասկանանք, որ առանց արժեքների, գաղափարների և առաջնորդների, որոնք իրենց վրա վերցնում են ազգին առաջ տանելը, ոչ թե լինել ղեկավարը, ոչինչ չի փոխվելու»,- շեշտել է Ռուբեն Վարդանյանը։
Վերջինիս այս պարզ և մատչելի խոսքը չափազանց կարևոր շերտեր է պարունակում։ Հայաստանի գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ հատկապես 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, փորձում են իրենց քարոզչամիջոցներով և սպասարկուներով հայ ժողովրդին ներարկել անպիտանության և անճարակության նոր դոզա, համոզել, թե իբր պատերազմում պարտվել ենք բացառապես թալանի, մեր խեղճության, կրթության պակասի և անճարության հետևանքով, մինչդեռ երկիրը վերականգնելու, մարդկանց թմբիրից դուրս բերելու համար կարևոր է տալ գաղափար, բացատրել և համոզել, որ կարևորը ոչ միայն որկորն է, այլ գաղափարը, քաղաքական միտքը, որի շնորհիվ էլ հնարավոր է նույնիսկ ամենածանր վիճակում գտնվող պետությունները ոտքի կանգնեցնել և զարգացման ու առաջընթացի հիմքեր դնել, ինչն էլ թերևս այս պահին անում է Արցախի նախկին պետնախարարը։
Նոնա Մուրադյան