Եվրոպան «արևային հեղափոխություն» է պատրաստում
Արևային էներգիայի շնորհիվ եվրոպացիները ցանկանում են ոչ միայն հաղթահարել էներգետիկ ճգնաժամը, այլ նաև պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ։ Որպեսզի փորձեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը մինչև 2030 թվականի 55 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, եվրամիությունը խաղադրույք է դնում արևային էներգիայի վրա։
Մայրցամաքում ամենուրեք, որտեղ հնարավոր է տեղադրում են արևային վահանակներ, ֆոտո էլեկտրական էլեկտրակայաններ կառուցում։ «Էմբեր» վերլուծական կենտրոնի տվյալներով 2021 թվականին արևից ստանում էին եվրամիության ողջ էլեկտրաէներգիայի ընդամենը 6 տոկոսը, այժմ կախված թե ռուս-ուկրաինական պատերազմով, թե այլ խնդիրներով, արևային էներգիան հանդիսանում է ամենաարագ զարգացող և վերականգնվող էներգիսյի աղբյուրը հին աշխարհում։
Այս տարվա ընթացքում արևային նախագծերը կգերազանցեն իրենց հզորություններով էներգետիկների ամենահամարձակ կանխատեսումները։ 2022 թվականի ամռանը, օրինակ, Եվրոպայում արդեն արտադրվում էր ողջ էլեկտրաէներգիայի 12 տոկոսը։
Հաշվարկել են, որ արևային էներգիայի օգտագործումը օգնել է եվրամիությանը արդյունահանվող վառելիքի գնումների վրա տնտեսել մինչև 29 միլիարդ եվրո և դա միայն ամռան վերջին տվյալներով։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականաին Միացյալ Նահանգներում արևային էներգիային բաժին էր հասնում արտադրվող ամբողջ էներգիայի ընդամենը 3 տոկոսը։
Միևնույն ժամանակ ամերիկացիները ևս ցանկանում են հետ չմնալ եվրոպացիներից և կրկին ընդունում են արևային էներգետիկայի զարգացման ծրագիրը՝ դրա համար պետական լրջագույն միջոցներ ձեռնարկելով։ Բազմաթիվ փորձագետներ այն ինչ կատարվում է եվրոպայում արևային էներգիայի ոլորտում, բնութագրում են ընդամենը մեկ բառով՝ «արևային համաճարակ»։ Նույնիսկ աշխարհի առաջատար և զարգացած երկրներն են հասկանում արևային էներգիայի արդյունավետությունը, մատչելիությունը և անհրաժեշտությունը։
Հայաստանում ջանքերը իհարկե անբավարար են , մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝«Սոլարոնը», իսկ պետական ծրագրերը, ինչպես նաև միջազգային կառույցների օգնությամբ իրականացվող բոլոր նախագծերը չափազանց անբավարար են, որպեսզի հնարավոր լինի խոսել իրական առաջընթացի և գործողությունների մասին։
Մարուսյա Վարդանյան