Ucom-ը ներկայացրել է ապագա ցանցի Wi-Fi 6E երթուղիչները
Նոյեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը ներկայացրել է ապագա ցանցի Wi-Fi 6E երթուղիչները։ Նախորդ տարի Unity սակագնային փաթեթների մեկնարկի ժամանակ ընկերությունը հայտարարել էր, որ առաջին անգամ Ucom ֆիքսված ցանցի հասանելիությամբ ՀՀ ողջ տարածքում Ընկերության բաժանորդները հնարավորություն են ստացել օգտվելու նաև նոր սերնդի Սուպեր Wi-Fi 6 սարքից։ Ի տարբերություն շուկայում լայն տարածված Wi-Fi 4 սարքերի, Wi-Fi 6-ն ապահովում է տվյալների փոխանցման 4 անգամ ավելի մեծ թողունակություն ու 16 անգամ ավելի բարձր արագություն, ինչի շնորհիվ Unity փաթեթներին միացած Ucom բաժանորդներն արդեն իսկ վայելում են մինչև 400 Մբ/վրկ արագությամբ տան ինտերնետը նաև Wi-Fi ցանցի միջոցով։ Ընդ որում Wi-Fi 6 սարքն անվճար է տրամադրվում։
Ներկայացված Wi-Fi 6E գերժամանակակից սարքավորումը Wi-Fi Alliance անլար ցանցի վերջին ստանդարտն է։ Դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն այժմ տրամադրվող Wi-Fi 6 երթուղիչների, որոնք միաժամանակ գործում են 2,4 ԳՀց և 5 ԳՀց տիրույթներում, Wi-Fi 6E սարքերը կարող են աշխատել նաև 6 ԳՀց տիրույթում:
«Պարզ լեզվով ասած՝ որքան բարձր է հաճախականությունը, այնքան ավելի շատ տվյալներ է հնարավոր փոխանցել ավելի ցածր ուշացումով։ Եթե անմիջապես երթուղիչի մոտակայքում եք, ապա նվազագույն ուշացումով և նվազագույն ժամանակում հնարավոր կլինի փոխանցել և ստանալ ուղղակի սկայական քանակությամբ տվյալներ», - մանրամասնել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ այօրվա դրությամբ շատ քիչ երկրներում է պաշտոնապես թույլատրված 6 ԳՀց տիրույթում հաճախականությունների օգտագործումը։ Այնուամենայնիվ, նորագույն Wi-Fi 6E տեխնոլոգիան թույլ կտա, մասնավորապես, զգալիորեն բարելավել առցանց խաղերի և տեսաշարերի որակը ու բաժանորդների փորձառությունը հենց անլար ցանցերում, նույնիսկ եթե միևնույն ցանցին միաժամանակ մի քանի սարքավորում է միացված։