«Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթում կմրցեն 26 ընտրյալներ
Iravunk.com-ը գրում է.
Հուլիս 14-16-ը Երեւանում տեղի կունենա «Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթը, որին այս տարի կմասնակցեն Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած 26 լավագույն մասնակիցները: «Ոսկե ձայնը» անցկացվում է երկու տարին մեկ եւ այս տարի իրականացվում է երկրորդ անգամ: Մրցույթի պրոֆեսիոնալ ժյուրին արտերկրից, Երեւանից եւ մարզերից ընտրելով շնորհալի պատանիների եւ երիտասարդների, մրցույթի երեք օրերի ընթացքում կլսի նրանց եւ կնտրի երեք լավագույն մասնակիցներին, որոնց կշնորհի ոսկյա, արծաթյա եւ բրոնզե մրցանակներ:
ԱՄՆից` Լոս Անջելես քաղաքից մրցույթին կմասնակցի ՍՈՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, ով մ կներկայացնի Կոմիտասի «Կռունկը», Տոսկա եւ «Անուշ» օպերայի նախերգանքը. «Մրցույթին մասնակցում եմ ուսուցչուհուս խորհրդով, երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ցանկանում եմ ուսումս շարունակել դասական երգարվեստի ժանրում»,-ասաց Սոնան:
«Առաջին մրցույթն անցկացվել է 2015 թվականին եւ այդ ժամանակ խոստացա , որ երկրորդ անգամ անպայման կլինի ոսկյա, բրոնզե, արծաթյա մրցանակներ եւ մրցույթում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա ոսկե մրցանակ: Ընտրված 26 լավագույն մասնակիցները հանդես կգան տարբեր ոճերում` էստրադա, ջազ, ժողովրդական»,-նշեց «Տենոր» ասոցիացիայի նախագահ ԿԱՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն ԳԱԳԻԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ փաստեց, որ վերջին տարիներին Հայաստանում անցկացվում են բազմաթիվ փառատոներ, ինչը լավ է, քանի որ դրանց արդյունքում ի հայտ են գալիս տարբեր անուններ. «Ի վերջո երգարվեստի բնագավառում կա հանրությանը ներկայանալու, արվեստը ցուցադրելու , ինչ-որ տեղ նաեւ ճանաչելի դառնալու խնդիր: Փառատոնը նպաստում է նման հարցերի լուծմանը, որքան փառատոները շատ լինեն, այնքան կնպաստեն երաժշտության հանրահռչակմանը եւ արվեստի զարգացմաը, որի արդյուքնում մեր շատ երաժիշտներ կկարողանան գտնել իրենց ճանապարհը»,-ընդգծեց Գ. Մանասյանը:
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ խոսքով` «Ոսկե ձայնը» առանձնանում է վոկալ արվեստի բազմաժանրությամբ. «Յուրաքանչյուր մրցույթի առանձնահատկությունն ու կարեւորությունն այն է, որ հնարավորություն է տալիս շնորհալի պատանիների եւ երիտասարդների հայտնաբերմանը: Բացի այդ, նպաստում է վոկալ կատարողական արվեստի զարգացմանը: Պետությունն աջակցում է յուրաքանչյուր նման ձեռնարկի, որը հայտնաբերում է շնորհալիների»,-շեշտեց Ա. Ղազարյանը:
Նշենք, որ մրցույթի մասնակիցները ելույթ կունենան Առնո Բաբաջանյան համերգասրահում: