Պարեկների՝ Գյումրիում քաղաքացուն ծեծելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել լրատվամիջոցներում տեղ գտած լուրերից մեկի մասին:
«Այսօր սոցիալական և լրատվական կայքերում «Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել» վերտառությամբ տեղեկություն տարածվեց:
Վերոգրյալի մասին նշենք, որ Գյումրիում պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա: Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի տեխանձնագիր:
Նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին և դիմադրություն է ցույց տվել: Պարեկները օգտագործելով հատուկ միջոց՝ իրականացրել են վարչական ձերբակալում:
Ծեծի ենթարկելու և «դեղ» օգտագործելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: