Կանբերայի օդանավակայանից մարդկանց տարհանել են՝ հրաձգության հետեւանքով
Հրաձգության հետեւանքով Կանբերայի օդանավակայանից մարդկանց տարհանել են, իսկ ենթադրյալ հրաձիգը ձերբակալվել է, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ավստրալիայի ոստիկանության հայտարարությանը։
Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվել է մեկ անձ եւ առգրավվել՝ հրազեն։ Զոհեր եւ վիրավորներ, ըստ հայտարարության, չկան։
Ոստիկանությունը հայտնել է, որ տեսախցիկների տեսագրությունները ստուգվել են, եւ այժմ ենթադրվում է, որ ձերբակալվածը միջադեպի միակ պատասխանատուն է:
«Կանբերայի օդանավակայանի տերմինալից մարդիկ տարհանվել են՝ որպես նախազգուշական միջոց, եւ օդանավակայանում իրավիճակը վերահսկելի է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միջադեպը հանգեցրել է թռիչքների հետաձգման եւ չեղարկման: