Հռոմում փրկել են թալանի նպատակով թունել փորողին
Հռոմում փրկել են բանկ ներխուժելու համար թունել փորողի կյանքը, հայտնում է Euronews-ը:
Ենթադրյալ գողին հայտնաբերել են Վատիկանի մոտ փակ խանութի տակ գտնվող արգելափակված թունելում։ Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ փլուզվել է թունելի տանիքը, որը փորում էր տղամարդը։ Արդյունքում նա հայտնվել է թակարդում եւ մոտ ութ ժամ անցկացրել գետնի տակ։
Դեպքի վայր են ժամանել տասնյակ փրկարարներ՝ տղամարդուն դուրս բերելու նպատակով։ Փրկվելուց հետո կասկածյալը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրա ենթադրյալ հանցակիցները ձերբակալվել:
Ենթադրվում է, որ չորս տղամարդիկ ծրագրել են թալանել մոտակա բանկը օգոստոսի 15-ին, երբ իտալական գրասենյակները Ֆերագոստոյի տոնի առթիվ փակ են լինում:
«Նախաքննությունը դեռեւս շարունակվում է։ Չենք բացառում, որ սրանք գողեր են, սա վարկածներից մեկն է»,- հայտնել են Իտալիայի ոստիկանական բաժանմունքից։