Ադրբեջանը հայտնում է, թե հայկական կողմի կրակից 2 զոհ ունի, մեկը՝ 2 տարեկան երեխա
Շփման գծում հայկական կողմի «լայնամասշտաբ սադրանքի հետեւանքով սպանվել են» Ալխանլը գյուղի երկու բնակիչներ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրանցից մեկը 1967 թվականին ծնված Սահիբա Գուլիեւան է, մյուսը՝ 2015-ին ծնված Զահրա Գուլիեւան: Նշվում է, որ նրանք տատ եւ թոռ են: 1965 թվականին ծնված Սարվինազ Գուլիեւան վիրավորվել է եւ տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ նրա կյանքը փրկել են:
Ավելի վաղ ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, նշելով, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաեւ ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Հարկ է նշել, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի հանդեպ եւ ադրբեջանական կողմին նախազգուշացնում, որ պատասխանը լինելու է անհամարժեք:
Սրանից հետո տարածվեց եւս մեկ հայտարարություն՝ տեսագրությունով եւ ձայնագրությունով, որոնք ապացուցում են, որ հայկական կողմի գործողությունները պատասխան են եղել Ադրբեջանի զինուժի նախահարձակ գործողություններին: