Իրաքում բողոքի ցույցերն արդեն յոթ նահանգ են ընդգրկել
Իրաքում քաղաքական գործիչ Մուքթադա աս-Սադրի կողմնակիցների բողոքի ակցիաներն ընդգրկել են արդեն 7 նահանգ, այդ թվում Բաղդադը, հաղորդում է al-Sumaria հեռուստաալիքը:
Շաբաթ օրը Իրաքի մայրաքաղաքում վերսկսվել են ազդեցիկ շիա քաղաքական գործիչ Մուքթադա աս-Սադրի կողմնակիցների բողոքի ակցիաները, ցուցարարները մեկ շաբաթում երկրորդ անգամ ներխուժել են խորհրդարանի շենք: Այժմ նրանք դեռ այնտեղ են, և, նրանց խոսքով, մտադիր են շարունակել գործադուլը։ Ընդ որում, աս-Սադրին դիմակայող «Կոորդինացիոն հարթակը» կոչ է արել հետեւորդներին բողոքի ակցիա կազմակերպել «Կանաչ գոտու» սահմանների մոտ՝ դեպի օդանավակայան ճանապարհը փակելու ծրագրով, որպեսզի թույլ չտրվի կառավարության անդամների փախուստը: