ՌԴ քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել. օգնության են հասել ջրափրկարարները. ԱԻՆ
Հուլիսի 31-ին, ժամը 18։09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Դուրս» կոչվող լողափի տարածքում, քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Կորած քաղաքացի Մ․ Ա․-ն (ծնված 1999 թ., ՌԴ քաղաքացի) կապ է հաստատել իր ընկերների հետ և հայտնել, որ գտնվում է Չկալովկա գյուղի մոտակա ափում:
Ջրափրկարարները Չկալովկա գյուղի մոտակա ափից Մ. Ա․-ին տեղափոխել են «Դուրս» լողափ:
Վերադարձի ճանապարհին ջրափրկարարները «Դուրս» լողափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են շրջված մոտորանավակ և երկու քաղաքացու:
Ջրափրկարարները քաղաքացիներ Գ․ Ն․-ին (ծնված 2003 թ․) և Հ․ Փ․-ին (ծնված 1995 թ․) մոտեցրել են ափ: