Տավուշում բախվել են «ՎԱԶ 2104»-ն ու Kia-ն, որը բախվել է ծառին, վիրավորներից մի քանիսը ԱՄՆ քաղաքացիներ են
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 104 կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի բնակիչ՝ 22-ամյա Դավիթ Հ-ի վարած ՎԱԶ 2104 մակնիշի և ԱՄՆ քաղաքացի՝ 38-ամյա Դերենիկ Թ-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում՝ բախվելով ծառին։ Վթարի հետևանքով Kia-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 67-ամյա Արփի Խ-ն, ԱՄՆ-ի քաղաքացիներ՝ 59-ամյա Օվսաննա Ի-ն, 33-ամյա Իսկէնըտէրպապ Յ-ն և 66-ամյա Արա Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» ԲԿ։
Վթարի մասին ՃՈ 1-77 տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։