Թուրքական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը
Թուրքական Öztek Tekstil Terbiye Tesisleri San. ve Тic. AŞ տեքստիլագործական ընկերությունը Ստամբուլի դատարան Ադրբեջանի պաշտպանության նախարարության դեմ պարտքի պահանջ է ներկայացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ընկերությունը պնդում է, որ չի կարողացել կատարված գործվածքի դիմաց Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ստանալ 157 հազար դոլար։
2015 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ թուրքական ընկերությունը 2017 թվականից Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մատակարարում է զինվորական համազգեստի գործվածք, սակայն վաճառված ապրանքի համար գումար չի վճարվել։
Պարտքի մարման բանակցությունները ձախողվելուց հետո թուրքական ընկերությունը դիմել է դատարան։
Այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի ներկայացրել իր դիրքորոշումը հայցվորի պահանջների վերաբերյալ, դատական նիստը հետաձգվել է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի կեսերը։