Մասնագիտական կողմնորոշման հանդիպում՝ ԵՊԲՀ քոլեջի ուսանողների համար
Բժշկական մայր բուհում Կարիերայի կենտրոնի կողմից նախաձեռնած «Մասնագետ» մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում ԵՊԲՀ քոլեջի ուսանողները հանդիպում ունեցան Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի հետ: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ լրատվության բաժինը։
Պրոռեկտորը ներկայացնելով իր անցած ուղին՝ ընդգծեց, որ «Մասնագետ» ծրագիրը նրանց կուղղորդի ճիշտ մասնագիտացում ընտրելու հարցում:
«Մենք փորձում ենք բազմաթիվ նմանատիպ ծրագրեր կազմակերպել՝ հասկանալու, թե ինչ մոտիվացիա, հոգեբանական պատրաստվածություն ունեք, ինչը հնարավորություն կստեղծի, որպեսզի դուք ավելի ճիշտ կողմնորոշվեք և հետագայում չմտածեք, որ իզուր ժամանակ եք կորցրել: Բազմաթիվ օրինակներ կան, երբ ուսանողները որոշում են այլ մասնագիտություն ընտրել՝ հասկանալով, որ բժշկությունը նրանց հոգեհարազատ չէ, կամ հակառակը: Մասնագետների աջակցությունը ձեզ ավելի իրական պատկեր կտա: Մասնակցե՛ք, եղե՛ք անկեղծ, մենք ուզում ենք օգնել, որպեսզի դուք չսխալվեք»,-նշեց պրոռեկտորը:
ԵՊԲՀ քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ ուսանողները սխալ են ընտրություն կատարում և հետո զղջում են կամ չեն զբաղվում այդ մասնագիտությամբ: «Դուք բժշկագիտության մեջ եք այլևս: Բժշկական կրթությունը, բացի բժշկագիտությունից, ձեզ տալիս է մտահորիզոն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու հատկություններ:
Կամային և չխառնվելու հատկանիշը բժշկագիտության մեջ ամենակարևորն է, պետք է արագ գործել, վայրկյանը կյանք արժի: Փորձեք լավ ճանաչել ձեզ, ձեր բնավորությունը, որպեսզի ճիշտ մասնագիտացում ընտրեք»,-հավելեց Ալեքսան Հովհաննիսյանը՝ կիսվելով նաև իր մասնագիտական փորձով, ուսանողական կյանքի և դժվարությունների մասին՝ վառ օրինակ լինելով ապագա մասնագետների համար:
Հանդիպման ավարտին ուսանողները այցելեցին ԵՊԲՀ թանգարան՝ ծանոթանալով բժշկագիտության պատմությանը, ցուցադրված եզակի նմուշներին: