Ամերիկյան զորքերը քրդերի հետ համատեղ հատուկ գործողություն են իրականացրել Թուրքիայի հետ սահմանին
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հինգշաբթի օրը Սիրիայում գործողության ընթացքում ձերբակալել է խմբավորման բարձրաստիճան ղեկավարին։
Սիրիական կոալիցիայի հրամանատարությունը հայտարարության մեջ նշել է, որ գործողության ընթացքում գերի է ընկել ԴԱԻՇ-ի բարձրաստիճան պաշտոնյա՝ պայթուցիկ նյութերի մասնագետ։
«Գործողության ընթացքում խաղաղ բնակիչներ չեն տուժել, կոալիցիայի ոչ մի ինքնաթիռ չի խոցվել։ Կոալիցիոն ուժերը կշարունակեն որսալ ԴԱԻՇ-ի մնացորդները, որտեղ էլ նրանք թաքնվեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ գործողությանն աջակցում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական խմբավորումը:
Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիական ազգային բանակի խոսնակ Յուսուֆ Համիդը Reuters-ին ասել է, որ գործողությունը տեղի է ունեցել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում։
«Սա ԱՄՆ առաջին գործողությունն է տարածաշրջանում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
«Այս պահին իրավիճակը անորոշ է: Գործողությունը տեղի է ունեցել Ալ-Հումայրա շրջանում՝ Թուրքիայի սահմանին մոտ։ Մասնակցել են ԱՄՆ բանակի Chinook և Black Hawk ուղղաթիռները»,- ասել է Համիդը։
Նշենք, որ նախկինում ամերիկյան զորքերը երբեք դեսանտային գործողություններ չեն իրականացրել Թուրքիայի կողմից աջակցվող ուժերի վերահսկվողության տակ գտնվող տարածքներում և հիմնականում ԴԱԻՇ-ի զինյալների դեմ օգտագործել են անօդաչու սարքերի հարվածներ։