Լեդի Գագան կարող է նկարահանվել «Ջոկեր» ֆիլմի երկրորդ մասում․ THR
Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան բանակցություններ է վարում Warner Bros. ընկերության հետ ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմի երկրորդ մասում նկարահանվելու համար։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter պարբերականը։
Նրա դերի մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, սակայն, պարբերականի տվյալներով, երգչուհին կարող է մարմնավորել Հարլի Քուինին՝ գլխավոր հերոսի նախկին հոգեբույժին։ Ընդ որում՝ առայժմ հայտնի չէ՝ կփոխեն արդյոք ֆիլմի հեղինակները կերպարի նախապատմությունը, թե ոչ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ հանրահայտ «Ջոկեր» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսն իր ինստագրամյան էջում հրապարակել էր լուսանկար, որում պատկերված է ֆիլմի երկրորդ մասին սցենարի շապիկը՝ այդ կերպ հայտնելով, որ «Ջոկերը» շարունակություն կունենա։
Հայտնի է, որ նոր ֆիլմի սցենարի համահեղինակը Սքոթ Սիլվերն է։ Վերջինս Ֆիլիպսի հետ աշխատել է նաև ֆիլմի առաջին մասի ստեղծման ժամանակ։
«Ջոկեր»-ի երկրորդ մասն ստացել է «Joker: Folie à Deux» աշխատանքայի անվանումը։ Folie à Deux-ն ֆրանսերեն տերմին է, որով բնութագրվում է ինդուկտիվ փսիխոզի ձևերից մեկը, որի դեպքում միևնույն հոգեկան խանգարումը դրսևորվում է միաժամանակ երկու մարդու մոտ։