Եվրոպական հնագիտության օրերն առաջին անգամ անցկացվելու են նաև Հայաստանում
Այս տարի Հայաստանն առաջին անգամ միացել է «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը, որն անցկացվելու է հունիսի 17-19-ը ՀՀ ամբողջ տարածքի հնագիտական պեղավայրերում։
Ինչպես հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, «Եվրոպական հնագիտության օրեր»-ն անցկացվում է 2010 թվականից, համակարգումն իրականացնում է Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Inrap):
Եռօրյա միջոցառումների ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական կենտրոններ, որոնք սովորաբար փակ են հանրության համար, հանդիպումներ հնագետների հետ, որոնք հանրությանը նկարագրում են իրենց մասնագիտության մանրամասները: Նաև տեղի են ունենում ժամանցային և կրթական մի շարք միջոցառումներ (պեղումներ, ցուցադրությունների, դասընթացների կազմակերպում, գտածոների վերականգնման աշխատանքներին մասնակցություն)։
Հայաստանում հունիսի 17-19-ին անցկացվելիք «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը միացել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ներն ու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը։
Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի, հնագիտությամբ հետաքրքրվողների և ոլորտի սիրահարների համար։