Թուրքիան գործարք է կնքել Ռուսաստանի հետ. թուրքական ԶԼՄ
Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում պատրաստվում է նոր ռազմական հատուկ գործողության ընդդեմ Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների, որոնք կապված են ՔԲԿ-ի հետ։ Արդեն մի քանի օր է, ինչ թուրքական զինուժը հրետանային հարվածներ է հասցնում նրանց դիրքերին, գրում է Hürriyet-ը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել քրդական խմբավորումների դիրքերին Թել Ռիֆաթ և Մանբիջ քաղաքների շրջանում։ Թուրքիայի նպատակն առաջին փուլում երկու շրջաններն ահաբեկիչներից մաքրելն ու այնտեղ 500 հազար սիրիացի փախստականների վերաբնակեցնելն է, գրում է կայքը։
Թել Ռիֆաթը գտնվում է Թուրքիայի սահմանից 18 կմ հեռավորության վրա, իսկ Մանբիջը՝ 30 կմ։
Hürriyet-ը հայտնում է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններից հետո չեղարկել է ռազմական գործողությունները քրդերի կողմից վերահսկվող Այն-Իսսայում։ Այն-Իսսան գտնվում է Ռաքքայից հյուսիս, քաղաքով է անցնում ռազմավարական նշանակություն ունեցող M4 մայրուղին, որը կապում է Հալեպը Դեր Զորի հետ։
Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը դեմ է եղել թուրքական բանակի կողմից Այն-Իսսա քաղաքի գրավմանը եւ լրացուցիչ զորքեր է ուղարկել տարածաշրջան։ Հալեպի և Մանբիջի ուղղությամբ, ի պատասխան թուրքական սպասվող հարձակման, Բաշար ալ-Ասադը նույնպես զորք է ուղարկել։ Տարածաշրջանի աղբյուրները հայտնել են, որ հունիսի 8-ին սիրիական բանակի մեծ թվով անձնակազմ ու զինտեխնիկա է առաջացել շփման գիծ։
Նախօրեին Անկարայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։ Լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ Լավրովը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի հյուսիսում ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ, սակայն բացահայտորեն չի հակադրվել ռազմական գործողություններ սկսելու Թուրքիայի ծրագրերին։ «Մենք հասկանում ենք մեր թուրք ընկերների մտահոգությունը տարածաշրջանում սպառնալիքների վերաբերյալ»,- ամփոփել է Լավրովը։